Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Չմոռանանք շնորհակալություն հայտնել բոլոր այն տղաներին, որոնց շնորհիվ մենք ապրում ենք ու ստեղծագործում»

«Չմոռանանք շնորհակալություն հայտնել բոլոր այն տղաներին, որոնց շնորհիվ մենք ապրում ենք ու ստեղծագործում»
28.10.2016 | 11:12

Հայտնի են էստրադային-հայրենասիրական երգի մրցույթի մրցանակակիրները: Մրցույթի եզրափակիչ փուլը կայացավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցին հայ երգարվեստի հայտնի երգիչ-երգչուհիների կատարմամբ (Աննա Մայիլյան, Էմմա Պետրոսյան, Արամո, Արթուր Իսպիրյան, Սևակ Ամրոյան, Լուսինե Կչոզյան, Մերի Մնջոյան և այլք): Երկրորդ մրցանակին արժանացան չորս կոմպոզիտոր` Ավետիս Բերբերյան, Ալբերտ Աբգարյան, Երվանդ Երզնկյան և Էդմոնդ Մակարյան: Երրորդ մրցանակային տեղը կիսեցին Գեղունի Չթչյանը, Շուշան Սարգսյանը, Կոնստանտին Պետրոսյանը: Տրվեցին նաև երիտասարդական և խրախուսական մրցանակներ: Առաջին մրցանակ չշնորհվեց:


Մրցույթը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին և կյանքի էր կոչվել Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության ու Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ ջանքերով: Բեմում էր Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան): Ելույթ ունեցավ նաև պաշտպանության նախարարության «Զորական» անսամբլը։


Մեր զրուցակիցը կոմպոզիտոր ԷԴՄՈՆԴ ՄԱԿԱՐՅԱՆՆ է, որի «Արժանի» երգը, Սևակ Ամրոյանի կատարմամբ, արժանացավ երկրորդ մրցանակի: Երգը նվիրված է Արցախյան ազատամարտի հերոսներին: Էդմոնդ Մակարյանը հեղինակ է սիմֆոնիկ, կամերային ստեղծագործություննների, ֆիլմերի երաժշտության, ինչպես նաև հինգ տասնյակից ավելի երգերի, որ կատարել են հայ երգարվեստի ներկայացուցիչները` Սյուզան Մարգարյան, Անդրե, Սոֆի Մխեյան, Դալիթա և այլք:


-Ո՞րն է էստրադային-հայրենասիրական երգի մրցույթի հիմնական նպատակը:
-Նպատակն առաջին հերթին արվեստագետին, տվյալ դեպքում` պրոֆեսիոնալ կոմպոզիտորին խրախուսելն է: Այս մրցույթը հնարավորություն տվեց ներկայանալու այն կոմպոզիտորներին, ովքեր ստեղծել են մեր երկրին նվիրված գեղեցիկ, ներկայանալի ստեղծագործություններ:
-Մասնակիցները շա՞տ էին:
-Ներկայացվել է մի քանի տասնյակ հայտ, ընտրվել են 15-ը:
-Մրցույթը շարունակական կլինի նաև ա՞յլ թեմաներով:
-Առաջ Աստված: Արվեստագետին խրախուսելը ցանկալի է:
-Էստրադային ժանրը մասսայականություն է վայելում, սակայն այն, ինչ լսվում է այսօր մեր եթերում և բեմերից, դժվար է էստրադա կոչել: Ստացվում է՝ մեզանում տարածում է գտել խառնածի՞ն երաժշտությունը: Եվ առհասարակ, ի՞նչ խնդիրներ կան ոլորտում:
-Էստրադան մատչելի, հեշտ ընկալվող ժանր է: Դա է պատճառը, որ բոլոր երկրներում էստրադան գերազանցում է երգարվեստի մյուս ճյուղերին: Մեզ մոտ մի շարք պատճառներ, այդ թվում` սոցիալական խնդիրները, հանգեցրին էստրադային ժանրի աղավաղմանը: Շատ հաճախ երգիչը գերադասում է ինքը գրել երգը, թեկուզ ոչ լավ, որ չվճարի երգի համար: Կամ նախընտրում է ոչ պրոֆեսիոնալ երգահանի երգը, որովհետև ավելի մատչելի է գնային առումով: Կարող է նաև նախընտրությունը տալ ոչ պրոֆեսիոնալին, որովհետև նրա երգերից մեկը հաջողված է: Մեր երկրին մշակութային հստակ քաղաքականություն է պետք, անհրաժեշտ է յուրաքանչյուր ոլորտ վստահել պրոֆեսիոնալներին, ինքնուսները ոլորտի զարգացման կամ պահպանման գործում (որքան էլ երբեմն բախտները բերում է կամ գումար ունեն) ոչինչ տալ չեն կարող: Նույն կերպ դերձակը կարող է իրեն բժիշկ հռչակել (ինչ է թե՝ կարել գիտի ու գլուխ կհանի), ժամագործն էլ՝ ինքնաթիռի մեխանիկ: Այս օրինակները կհանգեցնեն սպանդի, իսկ ո՞վ ասաց, որ հոգևոր սպանդ չի լինում: Ավելին, հոգևորից, բարձրարժեքից հեռու մարդը վերածվում է «մեխանիկական էակի». մտածել է պետք:
-Առանձնանո՞ւմ է հայկական էստրադան և կարո՞ղ է տարածում գտնել արտերկրում, գրավել օտարերկրյա ունկնդրին:
-Հայկական էստրադան, իհարկե, առանձնանում է: Ակնհայտ են հայկական էլեմենտները, հայկական հոգին, զգացմունքայնությունը: Ինչ վերաբերում է տարածմանը, արտասահմանյան երգերը տարածում են գտնում, առաջին հերթին, գովազդի շնորհիվ, չհաշված, որ շուկան, լսարանը մեծ են: Բայց ո՞վ է ասում, որ Հայաստանում չեն ստեղծվում երգեր, որ կարող են դուրս գալ մեր երկրի սահմաններից, մրցակցել, օրինակ, ֆրանսիական, իտալական էստրադային երգերի հետ: Խնդիրը ճիշտ կոմերցիան է, ֆինանսական ներդրումներն ու գովազդը:
-Անդրադառնանք մրցույթին: Առաջին մրցանակ չշնորհվեց, ի՞նչն էր պատճառը: Առանձնացող երգ չկա՞ր:
-Ես Ձեր հարցին կպատասխանեմ ԿՄ նախագահ Արամ Սաթյանի խոսքով` վատ երգեր չկային, ինչը դժվարացնում էր ընտրությունը, և որպեսզի տարբերակում չդրվի, առաջին մրցանակ չշնորհվեց:
-Ինչո՞ւ չկար «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, ի վերջո, երգերը գրվում են երաժշտասեր հանրության համար:
-Բոլոր մրցույթները չեն կարող նույն ձևաչափով լինել: Հանրության գնահատականները հաշվի առնելու համար պետք է երգերը տարածվեին համացանցով, ինչը հակասում էր մրցույթի բուն ձևաչափին: Պետք է ներկայացվեին երբևէ չհնչած երգեր: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է որոշվեր հանդիսատեսի համակրանքը` ծափահարություններո՞վ: Դա արդեն իրատեսական ու օբյեկտիվ չէր լինի, եթե հաշվի առնենք, որ համերգին ներկա էին կոմպոզիտորների ընկերները, հարազատները:
-Ի՞նչ է արվելու, որ մրցույթին ներկայացված երգերը ապրեն, տարածվեն:
-Դա կախված է արդեն կոմպոզիտորի և կատարողի նկրտումներից: Իմ երգի պարագայում կարող եմ ասել, որ ես և Սևակ Ամրոյանը ծրագրեր շատ ունենք: ՈՒզում ենք երգին երկրորդ կյանք տալ: Կլինի զուգերգի տեսքով, կարծում եմ, նաև տեսահոլովակ կունենա: Բայց այս պահին փակագծերը չբացեմ:
-Անսպասելի՞ էր հաղթանակը, թե՞ վստահ էիք, որ երգը գնահատվելու է:
-Վստահ էինք, որ լավ ենք աշխատել: Կարծում եմ` անիմաստ է մրցույթին մասնակցելը, եթե չունես քո առջև դրված նպատակներ ու հաղթելու ցանկություն:
-Տպավորություն կար, որ քառօրյա պատերազմից հետո է գրվել Ձեր երգը:
-Ապրիլյան դեպքերից առաջ այն արդեն կար մտքումս: Պատերազմը դեռ չի ավարտվել: Մենք՝ արվեստագետներս, մեր արվեստով պետք է միշտ լինենք բանակի, զինվորների կողքին, քաջալերենք նրանց ՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել բոլոր այն տղաներին, որոնց շնորհիվ մենք ապրում ենք ու ստեղծագործում:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ
Լուսանկարները՝ Մարիամ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ